National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
25.01.2022
Պետք է կարողանանք ուսուցչի 400.000 դրամ աշխատավարձը դարձնել իրականություն. Ժաննա Անդրեասյան
1 / 26

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 25-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ:

Բացման խոսքում հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ խորհրդարանը մեկ ամիս առաջ ընդունել է «Հանրակրթության մասին» օրենքում առաջարկվող մեծածավալ փոփոխություններ: Նրա խոսքով՝ ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկման ընթացքում նաեւ ընդդիմադիր պատգամավորների առաջարկով որոշում է կայացվել կազմակերպել հանրային լսումներ՝ ավելի առարկայական քննարկելու դպրոցում առկա խնդիրները, լսելու նախագծի վերաբերյալ շահագրգիռ կողմերի առաջարկությունները եւ դիտողությունները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նախ անդրադարձել է հանրակրթության ոլորտում բարեփոխումների մասով իրենց հասցեին հնչող մեղադրանքներին: Ժաննա Անդրեասյանը վիճակագրական տվյալներ է ներկայացրել՝ հիմնավորելով դպրոցական գիտելիքների ոչ արդյունավետ իրացման հանգամանքը թե՛ հումանիտար, թե՛ բնագիտական առարկաների մասով:

Ըստ զեկուցողի՝ հանրակրթության բովանդակության փոփոխությունները լիովին արդարացված են նաեւ գնահատման կարգի փոփոխության մասով. նախատեսվում է չեղարկել անբավարար գնահատականի շեմը, աջակցել հավելյալ կրթությանը, կիրառել գնահատման բազմազան ձեւեր, սովորել ու սովորեցնել, որ գնահատականը միայն թվանշան չէ, որը հաճախ դառնում է «կյանքի ու մահվան» հարց սովորողի, իսկ ավելի հաճախ՝ ծնողի համար:

Փոխնախարարի խոսքով՝ մանկավարժների համալրման խնդիր կա. այսօր արդեն տարեկան կտրվածքով ուսուցչի 700 հաստիք թափուր է մնում եւ չի լրացվում:

Անդրադարձ է եղել վերապատրաստման ու ուսուցչի մասնագիտական զարգացման խնդիրներին՝ նշելով, որ մասնագիտական զարգացման առանձին մոտեցում է անհրաժեշտ սկսնակ ուսուցիչների համար:

Փոխնախարարն անդրադարձել է հանրակրթության բովանդակության փոփոխություններին՝ նշելով, որ հանրակրթության նոր պետական չափորոշիչը փորձարկվում է Տավուշի մարզում: Գիտելիքը հմտության եւ կարողության վերածելու, ինչպես նաեւ դաստիարակության խնդիր լուծելու հարց է դրվելու դպրոցի առջեւ:

Հաջորդը՝ ուսուցիչների մասնագիտական զարգացման եւ խրախուսման քաղաքականության փոփոխությունն է, ուսուցչի մասնագիտական դաշտի ընդլայնումն ու փոխկապակցումը վարձատրության համակարգին: Ուսուցիչն ատեստավորման գործընթաց անցնելու հնարավորություն է ստանալու, որի արդյունքում փոխվելու է ուսուցչի դրույքաչափը:

«Մենք գնալու ենք ատեստավորման կարգի փոփոխությունների: Հաշվարկներն արդեն արված են, որ մենք կարողանանք ուսուցչի 400.000 դրամ աշխատավարձը դարձնել իրականություն»,-ասել է Ժաննա Անդրեասյանը:

Վերապատրաստումներն իրականացվելու են՝ ըստ մասնագիտական կարիքի: Ուսուցիչների համար ընդլայնվելու են տարակարգից օգտվելու հնարավորությունները:

Ներառական կրթության ֆինանսավորման տրամաբանությունն է փոխվում. առաջարկվում է հրաժարվել կրթության բարձրացված չափաքանակով ֆինանսավորումից եւ անցում կատարել նպատակային ֆինանսավորմանը:

Հաջորդ ուղղությունը հանրակրթության կառավարման համակարգի փոփոխությանն է վերաբերում: Առաջարկվում է բաժանել մասնագիտացված գործառույթները, դպրոցում ունենալ առանձնացված վարչատնտեսական կառավարում, որը պետք է իրականացնեն մասնագիտացված անձինք եւ կառույցները:

Փոխվելու է դպրոցի գործադիր մարմնի ընտրության եղանակը: Գործող տնօրենների հավաստագրման գործընթացը փոխարինվելու է ատեստավորմամբ, որի հիմքում զարգացման ծրագրերի կատարողականն է լինելու:

Լսումների մասնակիցներն անդրադարձել են հանրակրթության ժամանակակից մարտահրավերների ու օրենսդրական բարեփոխումների կանխատեսվող ազդեցությանը: Նրանք հիմնականում ողջունել են ոլորտում իրականացվող փոփոխությունները, ներկայացրել իրենց հուզող հարցերն ու դիտարկումները:

Մանկավարժի մոտիվացման հարցում արժեւորվել է ուսուցչի աշխատավարձի բարձրացումը: Ընդգծվել է դպրոցների միջեւ սերտ համագործակցության կարեւորությունը: Անթույլատրելի է համարվել տնօրենների՝ կուսակցական գործունեությամբ զբաղվելը, առաջարկ է եղել նաեւ վերանայել տնօրենի՝ պարտադիր մանկավարժական կրթություն ունենալու դրույթը: Կարծիք է հնչել, որ վարչատնտեսական կառավարման առաջարկվող նոր մոդելը չի գործելու, ավելին՝ այն խնդիրներ է առաջացնելու համակարգում:

Բարձրացվել են նաեւ խնդիրներ՝ կապված ներառական կրթության իրականացման, դպրոցներում համապատասխան մասնագետների համալրման, լաբորատորիաների եւ այլ գույքային հագեցվածության հետ:

Ամփոփիչ խոսքում Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հնչած թե՛ քննադատության եւ թե՛ առաջարկների համար: Նա նշել է, որ լսումներից հետո նախարարությունը կկազմակերպի քննարկում՝ անդրադառնալու բարձրացված դիտարկումներին՝ նպատակ ունենալով ավելի բարելավել նախագիծը: «Փոփոխությունը կարեւոր է, բայց անհրաժեշտ է, որ նախաձեռնությունը լինի հնարավորինս լավ մշակված, որակյալ եւ քննարկված»,-ընդգծել է փոխնախարարը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am